Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում: 2019-ից մինչ այսօր «Էներջի գրուպ» ՍՊԸ-ի տեխնիկական տնօրենն է: Թեկնածուն ներկայացրեց իր աշխատանքային ուղին՝ նշելով, որ ընտրվելու դեպքում լինելու է անշահախնդիր եւ մասնագիտական փորձն ու կարողությունները ծառայեցնելու է երկրի առաջընթացին:
Թեկնածուի ելույթը մի խումբ պատգամավորների չգոհացրեց: Նրանք կասկած հայտնեցին առ այն, որ Բունիաթյանն ի զորու է լինելու սպասարկել հանրային շահը՝ տարիներ շարունակ աշխատած լինելով վերոնշյալ կազմակերպություններում: «Պատրա՞ստ եք սպասարկելու հանրային շահը՝ ընտրվելով այս պաշտոնում»,-հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանը: Թեկնածուն հավաստիացրեց, որ պատրաստ է աշխատել այնպես, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չունենա: «Երկու ձեռքով կողմ եմ, որ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում տեղի չունենա, քանի որ դա հետագայում ազդում է նաեւ երկրի տնտեսության, ինչպես նաեւ սպառողների վրա»,-պարզաբանեց թեկնածուն:
Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց ոլորտի խնդիրներով: Լեւոն Բունիաթյանը կարեւորեց հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովումը, քաղաքացիների դիմում-բողոքներին առավել օպերատիվ արձագանքելը եւ այլն: Թագուհի Թովմասյանը թեկնածուին առաջարկեց ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել, որ շահերի բախման խնդիր չի ունենալու ընտրվելու պարագայում, քանի որ նա աշխատել է ՀԷՑ-ում: «Հանձնաժողովը հանրային ընկալման մեջ դիտարկվում է որպես բոլոր խոշոր կազմակերպությունների շահերը սպասարկող մարմին: Գրեթե չկան դեպքեր, որ ՀԾԿՀ ուղարկվի սակագնի բարձրացման վերաբերյալ որեւէ դիմում եւ այն մերժվի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ի դեմս Լեւոն Բունիաթյանի՝ չի տեսնում այն թեկնածուին, որը կարող է լինել հանրության ներկայացուցիչն այդ հանձնաժողովում: Լեւոն Բունիաթյանը պարզաբանեց, որ ընտրվելու դեպքում չի աշխատելու ի նպաստ ՀԷՑ-ի, ընդհակառակը՝ պատրաստվում է աշխատել անշախախնդիր, քանի որ 2016 թվականից չի աշխատում այնտեղ: Ընտրվելու դեպքում էլ գործելու է ոլորտը կարգավորող օրենքին համապատասխան: Գազի սակագնի բարձրանալու վերաբերյալ թեկնածուն տեղեկություններ չուներ, քանի որ դա նրա ոլորտը չէ: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին, ապա սրա վերաբերյալ եւս թեկնածուն տեղեկություններ չուներ: Նա խոստացավ ընտրվելուց հետո ուսումնասիրել փաստաթղթերը: Պատասխանը չգոհացրեց պատգամավորին. «Եթե Դուք գնալու եք եւ անելու եք այն, ինչ հանձնաժողովը, ապա դժվար թե պատգամավորներից շատերն իրենց վստահությունը հայտնեն Ձեզ»:
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Արման Բաբաջանյանը նույնպես անբավարար համարեցին թեկնածուի ներկայացրած աշխատանքի տեսլականն ու աշխատաոճը:
Ավելին՝ Արման Բաբաջանյանը թեկնածուին հորդորեց հանել իր թեկնածությունը: «Չեմ հավատում, որ Դուք այնքան կամք ունեք, որ կարողանաք այդ կազմակերպությունների շահերը ստորադասել հանրային շահին, մեր երկրի իրական շահերին»,-եզրափակեց խոսքը նա: